ՀՀ կառավարություն, վերջին փոփոխությունները
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:
Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:
Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:
Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ նախատեսվում է.
- Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
- Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
- Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:
Նախագծերի ընդունման դեպքում միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական ծառայողները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի համաձայն վերանշանակվում են մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ նոր մարմնում։ Վերակազմակերպման արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, այլ վերջինս վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ օրենքով սահմանված կարգով։
Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը։ Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը Օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում։
Comments
Post a Comment