Իմ առաջին այցը ՀՀ կառավարություն
Ապրիլի 9-ին Ավագ դպրոցի 11-րդ դասարանի հասարակագիտական խմբերի սովորողներով, մեզ դասավանդող ուսուցչի ուղեկցությամբ այցելեցինք ՀՀ կառավարություն՝ Գործադիր իշխանության բարձրագույն մարմին՝ ծանոթանալու ՀՀ պետական իշխանության գործադիր ճյուղի կառուցվածքին ու աշխատանքային գործունեությանը։
Նախ այցելեցինք <<Քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման վարչություն>>, որտեղ մեզ դիմավորեց ու ընդունեց վարչության պետ պարոն Ղազարյանը: Նա մեզ ներկայացրեց վարչության գործառույթները, քաղաքացիների դիմումների ընդունման, քննարկման, նրանց պատասխանելու ընթացակարգը։ Ինչպես նաև, սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ Այնուհետև նրա ուղեկցությամբ մենք շրջեցինք բաժնի աշխատասենյակներով, ծանոթացանք աշխատակազմին ու կատարվող աշխատանքներին։ Պիտի նշեմ, որ այստեղ մեր ուշադրությունը գրավեց հատկապես թեժ գծի պատասխանատուների աշխատանքը։ Հետո մենք հանդիպեցինք ՀՀ վարչապետի առաջին օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով ևս մեզ ներկայացրեց իր գործառույթները, աշխատանքը՝ դժվարություններով ու առավելություններով հանդերձ։ Նաիրի Սարգսյանին նույնպես հարցեր ուղղեցինք, որոնց նա հաճույքով պատասխանեց։ Նրա հետ քննարկումն ավարտելուց հետո տեղափոխվեցինք դեպի կառավարության նիստերի դահլիճ, որտեղ այդ ժամանակ նախանիստ էր ընթանում, որը վարում էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Վերջինս, ընդհատելով նիստը, ողջունեց մեզ, ապա շարունակեց իր աշխատանքը՝ օրակարգային հարցերի քննարկումը։ Ես շատ հպարտ եմ, որ առիթ ունեցա ներկա գտնվելու այդ նիստին ու անձամբ լսելու, թե ինչ կարգի ու ոլորտների հարցեր են քննարկվում։ Հարցերն իհարկե շատ հետաքրքիր էին ու կարևոր։ Պակաս հետաքրքիր չէր նաև լսել ներկաների կարծիքներն ու տեսակետները։ Նիստի ավարտից հետո մենք դուրս եկանք դահլիճից և շրջայց կատարեցինք կառավարության շենքում։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր կահավորված, հետաքրքիր էր ու տպավորիչ։ Ես մեծ բավականություն ստացա կառավարություն կատարած իմ առաջին այցից։ Ճիշտ է, մի փոքր նեղսրտեցի, որ վարչապետի հետ հանդիպում չունեցանք, բայց կարծում եմ, որ մեր այցը շարունակական կլինի, ու դեռևս առիթ կունենանք նրա հետ հանդիպելու։ Անհամբեր սպասում եմ մեր մյուս այցելությանը դեպի նախագահական։
Comments
Post a Comment