Թուրքմենչայի Պայմանագիր

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:
Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:
Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները:
Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828–29 թթ-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից 8 հզ. հայ ընտանիք՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից:
Ներգաղթի կազմակերպմանը մեծապես նպաստել է Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34 %-ն էր հայ): Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65