Անին որպես մայրաքաղաք

9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։ Դվինի ամիրան իր դիրքերը վերջնականապես զիջեց հայոց իշխանին, որի պաշտոնը ավելի քանի մեկ դար ժառանգվում էր Բագրատունիների կողմից։ 850-855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատունիները։
Բագրատունիների տնտեսական կենտրոններն էին Տարոնը և Շիրակը, որոնք ձեռք էին բերվել Մամիկոնյաններից ու Կամսարականներից։ Տարոնում առաջացել էր Բագրատունիների ինքնուրույն իշխանություն, իսկ վրաց Բագրատունիների կենտրոնն էր դարձել Տայքը։ Ուստի Բագրատունիներն իրենց 4 մայրաքաղաքները կառուցել են Շիրակում ու նրա շրջակայքում։
885 թվականին հիմնադրված Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում, շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն։ Բագարան և Շիրակավան քաղաքները հարմար չէին համահայկական պետության կենտրոն լինելու տեսանկյունից, քանի որ լավ ռազմավարական դիրք չունեին։ Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր՝ մայրաքաղաք լինելու համար։
Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։
Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Դվին-Տրապիզոն հատվածի վրա ընկած Անին դառնում է աշխույժ բազմամարդ քաղաք։ Դվինից և այլ վայրերից Անի եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։ Այն անցնում էր Ծաղկոցաձոր և Իգնաձոր գետերի եզրերով և միացել Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։
Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կրպակներ։ Անին մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա-ի թագավորության (990-1020) տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցիները և այլն։
Անին առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա իրեր։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Անիի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը, հայկական գորգերը, ոսկե ու արծաթե զարդերը։ 11-րդ դարում Անին մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող քաղաք էր։
992 թվականին Անի է տեղափոխվում հայոց կաթողիկոսարանը։ Դեռ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացիկաթողիկոսին, ով եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում։ Խաչիկ Ա Արշարունուց հետո՝ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ, կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»)։
992 թվականին կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում։ Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն ստանձնել են կաթողիկեի կառուցումը, որն ավարտվել է 1001 թվականին։ Կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է սուրբ Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։
Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար սրվեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Քաջի միջև։ Թագավորը, երկյուղելով Տայքի 1022-23 թվականների ապստամբությունը ճնշած բյուգանդական բանակի ներխուժումից, Անին իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես-Ամբատի և Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Անիի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, սպարապետ Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042 թվականի վերջին թագավոր օծեցին Աշոտ Դ-ի որդի տասնութամյա Գագիկ Բ-ին։
1043-44 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)