Եղիշե Չարենց

Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։
Օրինակ․

Տրիոլետ Լ. Բ.-ին

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Սոնետ (իտալերեն՝ sonettosonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։ Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։
Օրինակ․
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։
Օրինակ․
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
Գազել, ղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزل, թուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Նշանավոր են հատկապես պարսիկ բանաստեղծ Սաադիի գազելները։ Իր վերջնական ձևական զարգացմանն է հասել Հաֆեզի մոտ (XIV դար)։ Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը (Հրաժեշտի գազել), Եղիշե Չարենցը («Ծիածան», «Տաղարան», 《Մորս համար գազել》) և ուրիշներ։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։
Օրինակ․
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը