Սառը պատերազմ

Աշխարհամարտի ավարտական փուլում Մեծ եռյակի միջև դրսևորված շահերի բախումը կարճ ժամանակ անց վերաճեց նրա բացահայտ առճակատման։ ԱՄՆ-ը և նրա դաշնակից Մեծ Բրիտանիան փորձեցին օգտագործել ամերիկյան միջուկային զենքի մենաշնորհը և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում անցան նաև սպառնալիքների կիրառման։ Դրա ցայտուն դրսևորումը եղավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ին։ Նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ։ Չերչիլը հայարարեց, որ Խորհրդային Միությունը փորձում է աշխարհում անսահմանափակ կերպով տարածել իր ռազմական ուժերը և գաղափարական-քաղաքական դրույթները։ Որպես ապացույց՝ նա նշեց, որ Եվրոպայի վրա իջել է երկաթե վարագույր, իսկ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները և ժողովուրդներն ընկել են «Մոսկվայի վերահսկողության տակ»։ ԱՄՆ-ից ու Ազգերի բրիտանական համագործակցության տարածքից բացի, մյուս տեղերում կոմունիստական կուսակցությունները աճող սպառնալիք են «քրիստոնեական քաղաքակրթությանը»։ Ուժերի հավասարակշռության «նախկին դրույթը» հնացել է, անհրաժեշտ է միավորել ամբողջ անգլոսաքսոնական աշխարհի ուժերը։ Չերչիլն առաջարկում էր ԽՍՀՄ-ի դեմ օգտագործել ատոմային զենքի սպառնալիքը, նույնիսկ կիրառել այն։
ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 միլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։
Գաղափարախոսական հակամարտությունը դրսևորվեց նաև գերտերությունների ներքին կյանքում։ Այլախոհության ճնշումը, «հակապետական» գործունեության համար հազարավոր մարդկանց հալածանքների և պատժի ենթարկելը դարձան սովորական երևույթ։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիմակայությունը չվերածվեց նրանց միջև պատերազմի։ Սակայն միջուկային զենքի կրառման սպառնալիքը, տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային առճակատումը մշտական վտանգ էին ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Ահա թե ինչու 1946 թ. մինչ 1980-ական թթ. վերջերը բնութագրվել է որպես սառը պատերազմ։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)