ՀՀ դատական համակարգ

Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։
Դատական իշխանության հատկանիշները՝ իշխանությունների տարանջատման համակարգում, հանդիսանում են անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։
Դատարանը և դատավորները չպետք է կախված լինեն ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր պետական մարմիններից, կազմակերպություններից ու անհատներից, նաև՝ վերադաս դատարաններից։ Դատարաններն իրենց գործառույթները կատարում են զերծ մնալով որևէ ազդեցությունից կամ ներգործությունից։
Դատարաններն գործում են առանց ինչ-որ ենթակայության, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա։ Դատարանների կայացրած որոշումները անքակտելի են և չունեն ինչ-որ մեկի հաստատման կարիքը։ Դատարանի որոշումը, որն օրինական ուժի մեջ է, կատարումն պարտադիր է բոլորի համար։
Դատական համակարգը չի ենթարկվում և չի հարում պետական իշխանության որևէ այլ համակարգի։ Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը լրիվ մեկուսացված է այլ իշխանություններից։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, որոնց համապատասխան կազմակերպվում և գործում են դատարանները։
Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է։ Դատարանը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։
Դատական համակարգը պետության բոլոր դատարանների ամբողջությունն է, որը միավորում է ընդհանուր խնդիրներ ունեցող, միասնական սկզբունքներով կազմակերպված և գործող, միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված բոլոր դատարաններին։Հայաստանի Հանրապետության դատարանների ամբողջությունը բաժանվում է 2 ենթահամակարգերի՝
  • Սահմանադրական դատարան
  • Ընդհանուր իրավասության դատարաններ (առաջին, վերաքննիչ, վճռաբեկ ատյանի դատարաններ), մասնագիտացված դատարաններ.
Սահմանադրական դատարան, պետական իշխանության դատական ճյուղին պատկանող սահմանադրական վերահսկողության մարմին, որի իրավասության ներքո է գտնվում սահմանադրությանը իրավական նորմերի համապատասխանության գնահատումը: Սահմանադրական դատարանը (ի տարբերություն մնացած բոլոր դատարանների) իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն ճանաչվի հակասահմանադրական:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Դատարան) իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը։ Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա։ Դատարանում գործի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ կանոններ նախատեսված չեն։ Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 16 դատավորից։ Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
  1. ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
  2. հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
  3. հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  4. դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  5. դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
  6. դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
  7. Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
  8. վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
  9. ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
  10. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։
Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով։ Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան, Հայաստանի բարձրագույն դատական ատյանը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով: Հայաստանում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։
Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։
Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։
Վճռաբեկ դատարանի նախագահը՝
  1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
  2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
  3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
  4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
  5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
  8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
  9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը