Արևելյան հարց

Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ: «Արևելյան հարց» տերմինը առաջին անգամ գործածվել է Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրների Վերոնայի կոնգրեսում (1822)՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի կապակցությամբ: Լոզանի կոնֆերանսում (1922-23) ստորագրված հաշտության պայմանագրով «Արևելյան հարց» հասկացությունը վերացել է:
Արևելյան հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի:
Առաջինն ընդգրկում է XVIII դ. 2-րդ կեսից մինչև 1853-56-ի Ղրիմի պատերազմն ընկած շրջանը, երբ Արևելքում ուժեղացել է Ռուսաստանի ազդեցությունը, հաղ-թական պատերազմների հետևանքով Ռուսաստանին են անցել Ղրիմը, Բեսա- րաբիան, Կովկասի մի մասը: Ռուսաստանի այդ հաջողությունները հանդիպել են Ֆրանսիայի, Ավստրիայի և Անգլիայի դիմադրությանը: Երկրորդ փուլն ընդգրկում է XIX դ. 2-րդ կեսը, երբ Օսմանյան կայսրության ամ-բողջականության պահպանման պատրվակով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգտել են թուլացնել Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, Մերձավոր Արևելքոում և ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը Թուրքիայում:
Դրան նպաստել է Ռուսաստանի պարտությունը Ղրիմի պատերազմում:
Չնայած 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակին, եվրոպական տերությունները խոչընդոտել են նրան օգտվել այդ հաջողությունից: Պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878), ապա Բեռլինի կոնգրեսի (1878) փաս-տաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ, շոշափվել է Հայկական հարցը, որը Արևելյան հարցի բաղկացուցիչ մասն էր: Արևելյան հարցի երկրորդ փուլում վերելք է ապրել Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող ժողո-վուրդների՝ հայերի, հույների, բուլղարների, սերբերի և այլոց ազգային-ազատագրական շարժումը: Բեռլինի կոնգրեսից (որը չարդարացրեց հայ ժողովրդի հույսերը) հետո հայ հասարակական-քաղաքական շրջանակներում հասունացել է Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զենքով ազատագրելու գաղափարը: Արևելյան հարցի երրորդ փուլն ընդգրկում է XIX դ. վերջից մինչև 1923-ը ընկած ժամանակաշրջանը: Ուժեղացել է Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում, կնքվել է երկու երկրների դաշինք:
Ընդլայնվել է հայերի, արաբների և այլոց ազգային-ազատագրական շարժումը, որը իբրև հարմար առիթ օգտագործել են մեծ տերությունները Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար: Նրանք առաջ են քաշել Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու ծրագրեր (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895, Հայկական բարենորոգումներ 1912-14). Օգտվելով եվրոպական տերությունների միջև եղած հակասություններից՝ թուրքական կառավարող շրջանակները ոչ միայն չեն իրագործել նախատեսված բարեփոխումները, այլև ձեռնամուխ են եղել հայ ժողովրդի ոչնչացման ծրագրի իրականացմանը (տե՛ս Հայկական կոտորածներ 1894-96, Ադանայի կոտորած 1909, Մեծ եղեռն): Առաջին աշխարհամարտում (1914-1918) Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են ազգային շատ տարածքներ: 1920-ի Սևրի հաշտության պայմանագրով ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը: Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը (տե՛ս Քեմալական շարժում), քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտեցին Սևրի պայմանագրի իրականացմանը, Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան մնացին թուրքական տիրապետության տակ: Լոզանի կոնֆերանսում ճանաչվեցին Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ: Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը դեռևս մնում է չլուծված:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)