Բարի Գալուստ -_-


Thursday, February 15, 2018

Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում`   տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո «որպես հույժ գովելի աշակերտ» համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-1916թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում`   Լորում, մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ.՝ ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում:
Երիտասարդ Չարենցի նման Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը`   Ակսել Բակունցը: 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերել է հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը:
Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:
Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն:
Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն: Իր հայրենի երկրին, նրա մարդկանց նվիրված մարդն ու մեծ գրողը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց 1937թ. ամառային մի օր`   վաղ արշալույսին...

No comments:

Post a Comment